Ինչպե՞ս Մխիթարյանը դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ առանց որևէ տիտղոս նվաճելու 

Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին խոսելիս հիշելու շատ բան կա՝ «Շախտյորում» անցկացրած տարիները, անգլիական շրջանը, հետո՝ վերելքը Իտալիայում։ Բայց նրա կարիերայում կա մեկ մրցաշրջան, որն առանձնահատուկ տեղ ունի։ Դա 2015/16 մրցաշրջանն էր Դորտմունդի «Բորուսիայում»։ 

Այդ ժամանակ «Բորուսիայում» իսկապես շատ ուժեղ կազմ էր ձևավորվել։ Թիմը գլխավորել էր երիտասարդ ու հավակնոտ Թոմաս Տուխելը, իսկ հարձակման գծում խաղում էին Մխիթարյանը, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու Մարկո Ռոյսը։ 

Մրցաշրջանի սկիզբը՝ որակավորման փուլից 

Նախորդ մրցաշրջանում Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Բորուսիայի» գործերը լավ չէին դասավորվել, և թիմը Բունդեսլիգայում զբաղեցրել էր միայն 7-րդ տեղը։ Այդ պատճառով Եվրոպայի լիգա հասնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել որակավորման փուլը։

Մրցակիցները ամենաբարդերից չէին՝ ավստրիական «Վոլֆսբերգը» և նորվեգական «Օդդը», բայց հենց այս խաղերից էլ սկսվեց մրցաշրջանը՝ և՛ ամբողջ թիմի, և՛ անձամբ Մխիթարյանի համար։ 

Հենրիխը իրեն հիանալի դրսևորեց․ չորս խաղում նա խփեց 5 գոլ և կատարեց 4  գոլային փոխանցում։ 

Պայքար Բունդեսլիգայի չեմպիոնության ու Գերմանիայի գավաթի համար 

Բունդեսլիգայում «Բորուսիան» շատ ուժեղ մրցաշրջան անցկացրեց, բայց չեմպիոն դառնալ չկարողացավ։ Գլխավոր մրցակիցը «Բավարիան» էր։ Մյունխենյան թիմի դեմ առաջին հանդիպումներից մեկում դորտմունդցիները ծանր պարտություն կրեցին՝ 1:5,  իսկ մյուս խաղում գրանցվեց ոչ-ոքի։ Արդյունքում «Բորուսիան» ավարտեց առաջնությունը երկրորդ տեղում։ 

Գերմանիայի գավաթում ևս թիմը շատ մոտ էր տիտղոսին։ «Բորուսիան» հասավ եզրափակիչ, սակայն այնտեղ կրկին պարտվեց «Բավարիային»՝ այս անգամ 11- մետրանոցների շարքում՝ 3:4 հաշվով։ 

Հանդիպում նախկին մարզչի հետ Եվրոպայի լիգայում 

Եվրոպայի լիգայի խմբում, որտեղ ընդգրկված էր նաև «Կրասնոդարը»,  դորտմունդցիները զբաղեցրին երկրորդ տեղը։ 

Փլեյ-օֆֆում Տուխելի թիմը հաղթահարեց «Պորտուի» ու «Տոտենհեմի» արգելքները,  իսկ հաջորդ փուլում հանդիպեց Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին»։ Դա առանձնահատուկ դիմակայություն էր, քանի որ Կլոպը նախկինում հենց «Բորուսիան» էր մարզել։ 

Երկու թիմերն էլ ստեղծեցին 2015/16 մրցաշրջանի ամենահիշվող եվրոպական դիմակայություններից մեկը։ Առաջին խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպման ընթացքում «Բորուսիան» նույնիսկ առաջ էր 2:0 հաշվով, սակայն «Լիվերպուլը» բեկեց խաղի ընթացքը և հաղթեց 4:3։ 

Երկու խաղերի արդյունքում Մխիթարյանը դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը 

Չնայած թիմային տիտղոսների բացակայությանը՝ Մխիթարյանն անհատապես ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց։ 52 խաղում «գոլ+գոլային փոխանցում»  ցուցանիշով նա հավաքեց 55 միավոր։

Հենց այդ մրցաշրջանից հետո երկրպագուները նրան ճանաչեցին Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 

Այս մրցանակն առավել արժեքավոր էր այն պատճառով, որ նման անհատական մրցանակներում հաճախ առավելություն ունեն չեմպիոն թիմի խաղացողները։ Իսկ մրցակիցների թիվը շատ էր։ Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայում խփել էր 30 գոլ,  Օբամեյանգը՝ 25։ Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Թոմաս Մյուլերը և Չիչարիտոն։ Բայց հաղթեց հենց Մխիթարյանը։ 

«Չեմ կարծում, որ կարող է ավելի լավ բան լինել, քան ամբողջ աշխարհի երկրպագուներից ստացած այս մրցանակը։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»։  – Հենրիխ Մխիթարյան 

Այդ մրցաշրջանն այնքան հաջող ու բեկումնային ստացվեց հայ ֆուտբոլիստի համար,  որ դրանից հետո նրան արդեն սպասում էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Անգլիան։ 

Մխիթարյանի անգլիական շրջանին դեռ կանդրադառնանք նրա մասին հաջորդ նյութերում։

Читайте также