Նոր մարզիչ, հին խնդիրներ․ ի՞նչն այն չէ «Ռեալ Մադրիդում»
«Ռեալ Մադրիդը» վերջին յոթ տարվա ընթացքում Լա Լիգայում իր վատագույն մեկնարկն է գրանցել։ Յոթ հանդիպումներում Մոուրինյուի թիմը տարել է հինգ հաղթանակ և կրել երկու պարտություն։ Փորձենք հասկանալ, թե ինչով են պայմանավորված այս անհաջողությունները։
Առաջին հայացքից իրավիճակը դրամատիզացնելու կարիք կարծես չկա։ Ի վերջո, երկու պարտությունն այնքան էլ շատ չէ։ «Բետիսի» դեմ խաղում «Ռեալը» պարտվեց չիրացրած գոլային պահերի պատճառով։ «Ատլետիկոյի» հետ հանդիպումն էլ բավական վիճահարույց ստացվեց․ մրցավարն առնվազն երկու անգամ պետք է հեռացներ մադրիդյան մյուս թիմի ֆուտբոլիստներին, իսկ Հույսենը, դրան գումարած, անհեթեթ կարմիր քարտ ստացավ։ Դրական պահեր նույնպես կան՝ երեք խոշոր հաշվով հաղթանակ, ինչպես նաև «Ինտերի» նկատմամբ դժվարությամբ ձեռք բերված նվազագույն հաշվով հաղթանակ։
Սակայն խնդիրն այլ հանդիպումներում է։ «Էսպանյոլի» և «Էլչեի» դեմ խաղերում թիմը միավորները վաստակում էր վերջին րոպեներին։ Երկու դեպքում էլ հաղթանակ էր պարգևում փոխարինման դուրս եկած նորաթուխ ջոկեր Էսպին։ «Էլչեի» հետ խաղում «Ռեալը» նույնիսկ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ պահպանել այն և ստիպված եղավ փրկել հանդիպումը։
Ուրեմն ի՞նչ այլ խնդիրներ ունի թիմը, և ինչի՞ վրա պետք է աշխատի Մոուրինյուն հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։ Առանձնացրել եմ երեք հիմնական խնդիր, որոնց էլ կանդրադառնանք։
«Ռեալ Մադրիդը» չի վազում
«Ռեալը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է մեկ խաղում միջին հաշվով անցած տարածության ցուցանիշով։ Թիմը միջինը վազում է 84 կմ, ինչը ավելի քան 25 կմ-ով զիջում է առաջատար «Էլչեին» և գրեթե 10 կմ-ով՝ առաջնության միջին ցուցանիշին։ Իսկ անմիջական մրցակիցները՝ «Բարսելոնան» և «Ատլետիկոն», մեկ հանդիպման ընթացքում անցնում են մոտ 104 կմ։ Նման վիճակագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել։
Ակումբում ֆիզիկական պատրաստվածության համար պատասխանատու է Անտոնիո Պինտուսը։ Մնում է հուսալ, որ, ինչպես նախորդ տարիներին, նրա գլխավորությամբ թիմն աստիճանաբար կբարելավի ֆիզիկական վիճակը և իր լավագույն մարզավիճակին կհասնի գարնանը։ Իսկ մինչ այդ «Ռեալը» ստիպված կլինի հանդիպումները փրկել ֆուտբոլիստների անհատական վարպետության հաշվին։

Կան նաև այլ ցուցանիշներ, որոնցով «Ռեալը» զիջում է մրցակիցներին։ Լա Լիգայում թիմը վերջին տեղում է պաշտպանական գործողությունների քանակով, անցած տարածությամբ և կատարած խախտումների թվով։ Գնդակի խլումների ցուցանիշով զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ գնդակի ընդհատումներով՝ 17-րդը։ Վիճակագրությունն իսկապես հուսադրող չէ։
Խայտառակ իրացում
«Ռեալի» հաջորդ լուրջ խնդիրը գոլային պահերի իրացումն է։ Դրա ամենավառ օրինակներից մեկը «Բետիսի» դեմ պարտված հանդիպումն էր։ Թիմը ստեղծեց 3,46 xG, սակայն այդպես էլ չկարողացավ գոլ խփել։ Գնդակը պարզապես չէր հայտնվում մրցակցի դարպասում։
Շատերն անմիջապես կմեղադրեն Վինիսիուսին, որն այս մրցաշրջանում, խոշոր պայմանագիր կնքելուց հետո, կարծես մոռացել է, թե ինչպես է պետք հարվածել գնդակին։ Սակայն խնդիրը միայն նա չէ։
Մբապեն արդեն յոթ գոլ է խփել, բայց նա նույնպես հսկայական քանակությամբ գոլային պահեր է վատնում։ Երբ թիմը ստեղծում է գրեթե 3,5 xG և չի կարողանում գոնե մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը, պատասխանատվությունն արդեն ամբողջ թիմինն է, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստներինը։
Նույնը վերաբերում է նաև մյուս հանդիպումներին, որտեղ գոլային պահերի իրացումը նույնպես լուրջ խնդիր է։ Եվ այս իրավիճակը պետք է հնարավորինս արագ շտկել։
Մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի դեմ նման շռայլությունը դեռ կարող է անպատիժ մնալ, սակայն առջևում ավելի ուժեղ մրցակիցներ են։ Այդ հանդիպումներում գոլային պահերը շատ ավելի քիչ կլինեն, ինչպես «Ատլետիկոյի» դեմ վերջին խաղում։ Հետևաբար, պահերի իրացման արդյունավետությունը բարձրացնելն առաջնահերթ խնդիրներից մեկն է։
Խնդրահարույց դիրքերը
«Ռեալն» ունի նաև մի շարք խնդրահարույց դիրքեր։ Սկսենք պաշտպանությունից։
Թիմն այնքան էլ շատ գոլեր չէ բաց թողնում, բայց դա հիմնականում աշխարհի լավագույն դարպասապահ Տիբո Կուրտուայի ֆենոմենալ խաղի շնորհիվ է։ Դժվար է պատկերացնել, թե քանի գոլ բաց կթողներ «Ռեալն» «Ինտերի» դեմ հանդիպման ընթացքում, եթե դարպասում Կուրտուան չլիներ։ Մյուս խաղերում էլ իրավիճակը գրեթե նույնն է։
Կուրտուան, անկասկած, արժանի է գովեստի։ Սակայն նույնը չենք կարող ասել պաշտպանության մասին, որը, չնայած նոր ձեռքբերումներին, շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ։
Հաջորդը կիսապաշտպանությունն է։
Թիմին անհրաժեշտ էր խաղը կազմակերպող ֆուտբոլիստ, որը կկարողանար գնդակը հասցնել հարձակման գիծ։ Հենց այդ նպատակով էլ ձեռք բերվեց Բերնարդու Սիլվան։
Առայժմ նա չի հասել իր լավագույն մարզավիճակին և հիմնական կազմում հանդես չի գալիս։ Սակայն հուսով եմ՝ շուտով նրան կտեսնենք Չուամենիի կամ Վալվերդեի հետ զույգում, և պորտուգալացին կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները։
Հարձակման աջ եզրի հետ կապված առանձնապես հարցեր չկան։ Այնտեղ խաղում է Գյուլերը, որն այս պահին հիանալի է կատարում իր աշխատանքը։ Այդ դիրքում կարող է հանդես գալ նաև Բրահիմ Դիասը, իսկ Դիոմանդեն առայժմ լիովին չի հարմարվել թիմին։
Գլխավոր հարցերը վերաբերում են հարձակման ձախ եզրին, որտեղ Վինիսիուսն առայժմ ոչինչ չի կարողանում ցույց տալ։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ նրա հարվածներից հետո գնդակը չի հայտնվում դարպասում։ Երբեմն նա չի կարողանում գնդակն ընդունել կամ ճշգրիտ փոխանցում կատարել նույնիսկ ամենապարզ իրավիճակներում։ Ավելին՝ աստիճանաբար անհետանում է նրա գլխավոր առավելությունը՝ դրիբլինգը։

Այս ամենը մտահոգիչ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Նախկին մարզավիճակը վերադարձնելու համար Վինիսիուսին առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել սեփական ուժերի նկատմամբ հավատը։ Այժմ նա Բրազիլիայի հավաքականի կազմում է, որտեղ աշխատում է Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։ Հուսով եմ՝ հայր Կառլոն հավաքականների խաղերով պայմանավորված այս դադարի ընթացքում կօգնի նրան կրկին գտնել իրեն։
Մարզիչները փոխվում են, իսկ խնդիրները մնում են նույնը։
Այս նույն խնդիրները երկու տարի առաջ կային Անչելոտիի օրոք, մեկ տարի առաջ՝ Ալոնսոյի գլխավորությամբ։ Այժմ դրանք լուծելու հերթը Մոուրինյուինն է։
Առայժմ առանձնապես լավ չի ստացվում։ Սակայն սա մրցաշրջանի միայն սկիզբն է, և դեռ ժամանակ կա իրավիճակը շտկելու համար։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Իսկ «Ռեալ Մադրիդի» երկրպագուներին մնում է հետևել թիմի խաղին և շարունակել հավատալ իրենց սիրելի ակումբին։
