Ինչպե՞ս ֆուտբոլիստ դառնալ՝ առանց դաշտ դուրս գալու. Կառլոս Կայզերի մեթոդաբանությունը
Պատկերացրեք ֆուտբոլիստի, ով տարիներ շարունակ պայմանագրեր էր ստորագրում պրոֆեսիոնալ ակումբների հետ, բայց գրեթե երբեք խաղադաշտ դուրս չէր գալիս։ Այդ մարդը Կառլոս Կայզերն էր։
Բրազիլացին «խաղացել» է 1980-ականներին և կարիերայի ընթացքում փոխել է ավելի քան տասը ակումբ, բայց դրանցից ոչ մեկի պաշտոնական խաղում նույնիսկ մեկ րոպե չի անցկացրել։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։
Վճարված լրագրողները
Կառլոս Կայզերը պայմանավորվում էր լրագրողների հետ, որպեսզի նրանք գրեին իր տաղանդի ու մեծ հեռանկարների մասին, իսկ մարզումների ժամանակ ձևացնում էր, թե աշխատում է թիմակիցների հետ նույն ինտենսիվությամբ։

Բժշկական հնարքները
Կայզերը պարբերաբար ձևացնում էր, թե վնասվածք ունի, կամ պարզապես նոր խնդիրներ էր հորինում։ Նոր ակումբում առաջին իսկ մարզման ժամանակ նա կարող էր խնդրել փոխանցում կատարել ազատ տարածություն, մի քանի մետր վազել, բռնել ազդրի հետին հատվածը և ցավից գոռալով ընկնել խոտածածկին։
Նա նաև ծանոթ ատամնաբույժ ուներ, որը պայմանագրից որոշ բաժնի դիմաց պաշտոնական տեղեկանքներ էր տալիս «ատամների թաքնված ինֆեկցիաների» մասին։ Կայզերը պնդում էր, որ բերանի խոռոչի այդ վարակները մկանների բորբոքում են առաջացնում և թույլ չեն տալիս իրեն մարզվել։
Կայզերի գլխավոր տաղանդը ոչ թե ֆուտբոլ խաղալն էր, այլ մարդկանց համոզելը։ Նա ստեղծում էր հեռանկարային հարձակվողի կերպար, իսկ երբ հերթը հասնում էր մարզումներին ու հանդիպումներին, կրկին «վնասվածք էր ստանում»։
Այսօր նման բան կազմակերպելը գրեթե անհնար կլիներ, քանի որ բժշկական սարքավորումներն ու ախտորոշման հնարավորությունները շատ ավելի զարգացած են։ 1980-ականներին սպորտային բժշկությունը ժամանակակից ՄՌՏ-ի մասին անգամ չէր էլ լսել։
Թիմակիցների օգնությունը
Թիմակիցները հասկանում էին, որ Կառլոսը գնդակի հետ առանձնապես ոչինչ անել չի կարող, ու տարբեր ձևերով օգնում էին նրան։ Ամենատարածված հնարքներից մեկը կոշտ սահքն էր․ խաղացողները հատուկ «վնասում էին» Կայզերին և այդ կերպ նրան երկարատև դադար էին ապահովում։
Թիմակիցները սիրում էին նրան՝ խարիզմայի և հումորի զգացման համար։
Եվրոպական արկածը
Ամենազավեշտալի պատմություններից մեկը տեղի ունեցավ Ֆրանսիայում, երբ Կայզերը պայմանագիր ստորագրեց «Գազելեկ Այաչոյի» հետ։ Տեղացի երկրպագուներն ու մամուլը ոգևորված էին․ իրենց թիմ էր եկել իսկական բրազիլացի հարձակվող, որը ներկայացվում էր որպես մեծ տաղանդ։
Նրա առաջին բաց մարզմանը մարզադաշտը լեփ-լեցուն էր։
Կայզերը միանգամից հասկացավ, որ բավական է մեկ անգամ դիպչի գնդակին, և բոլորը կտեսնեն, որ նույնիսկ սովորական գնդակ պահել չի կարող։ Այդ պատճառով նա ակումբի մարզաշապիկով վազեց խաղադաշտ՝ տրիբունաների ծափահարությունների ներքո, բայց գնդակով տաքանալու փոխարեն վերցրեց գնդակներից մեկը և ամբողջ ուժով ուղարկեց տրիբունա՝ որպես նվեր երկրպագուներին։
Հետո՝ երկրորդը, երրորդը, չորրորդը։
Վերջում նա բոլոր մարզման գնդակները բաժանել էր երկրպագուներին՝ այդ ընթացքում համբուրելով ակումբի տարբերանշանը։ Տրիբունաները հիացած էին իրենց նոր «աստղի» առատաձեռնությունից։
Մարզիչներն այլևս պարզապես գնդակ չունեին մարզումն անցկացնելու համար, և Կայզերը շարունակեց իր ձևով․ վազում էր դաշտի շուրջը, ժպտում, ձեռքով ողջունում երկրպագուներին ու ինքնագրեր բաժանում։
Քիչ էր մնում իսկապես խաղար
Մի անգամ մարզիչը, այնուամենայնիվ, պահանջեց նրան դաշտ դուրս բերել խաղի ժամանակ։
Կայզերը կրկին ելք գտավ։
Նա կոնֆլիկտ հրահրեց մրցակցի երկրպագուների հետ և հեռացվեց դեռևս մինչև խաղադաշտ դուրս գալը։
Իր ամբողջ կարիերան Կայզերն այսպես էր բացատրում․ «Ակումբները ֆուտբոլիստներին օգտագործում են որպես ապրանք։ Այդ դեպքում ինչո՞ւ ես չեմ կարող ակումբներին օգտագործել իմ նպատակների համար»։
