Լուկա Մոդրիչ․ պատերազմից ու պապի կորստից մինչև «Ոսկե գնդակ»
Շատ հայտնիներ սիրում են պատմել իրենց «ծանր մանկության» մասին։ Օրինակ՝ Վիկտորյա Բեքհեմը։ «Բեքհեմ» վավերագրական սերիալում նա պատմում էր, թե մեծացել է «իսկական աշխատավոր ընտանիքում»։ Դևիդն անմիջապես խնդրեց նրան անկեղծ լինել և հարցրեց, թե ինչ մեքենայով էր հայրը նրան դպրոց տանում։ Ի վերջո Վիկտորյան խոստովանեց՝ «Ռոլս Ռոյսով»։ Բայց կան նաև Լուկա Մոդրիչի նման մարդիկ, որոնց մանկությունը պարզապես ծանր անվանելը չափազանց մեղմ կլիներ։
Պատերազմ և փախստականի կյանք
Լուկա Մոդրիչը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նրան անվանակոչել են պապի պատվին։
1991-1995 թվականներին Խորվաթիայում անկախության համար պատերազմ էր ընթանում։ 1991 թվականի դեկտեմբերին սերբ զինվորականները սպանեցին Լուկայի պապին, որը նույնպես Լուկա Մոդրիչ էր կոչվում, և այրեցին ընտանիքի տունը։
Փոքրիկ Լուկան դարձավ փախստական։ Ծնողների հետ նա մի քանի տարի անցկացրեց փախստականներով լեցուն հյուրանոցներում։ Արդեն 1992 թվականին նա գնաց առաջին դասարան։

«Գուցե տարօրինակ հնչի, բայց ես շատ արագ սովորեցի տագնապի ազդանշաններին ու ապաստարան վազելու անհրաժեշտությանը։ Սկզբում ռմբակոծությունները սարսափելի վախ էին առաջացնում, բայց հետո դրանք պարզապես անհանգստության պատճառ դարձան», – հիշում էր Մոդրիչը։
Լուկան դեռ շատ փոքր էր, երբ կորցրեց պապին, բայց այդ կորուստը նրա հետ մնաց ամբողջ կյանքում։
Նա հիշում է, թե ինչպես տասը տարեկանում ուսուցիչը հանձնարարել էր շարադրություն գրել մի բանի մասին, որը խոր հետք էր թողել իրենց հոգում։
Լուկան գրել էր երկնքից թափվող ռումբերի և պապի մահվան մասին։ Պատմել էր, որ չնայած փոքր տարիքին՝ արդեն շատ վախ էր ապրել, իսկ ռմբակոծությունների հանդեպ սարսափն աստիճանաբար փորձում էր ջնջել հիշողությունից։
Նա նաև հարց էր բարձրացրել՝ կարելի՞ է արդյոք մարդ կոչել նրանց, ովքեր սպանել են իր սիրելի պապին և ստիպել ընտանիքին փախչել սեփական տնից։
Ավտոկայանատեղիից մինչև Զագրեբ և «Տոտենհեմ»
Մոդրիչի ֆուտբոլային ճանապարհը սկսվել է ավտոկայանատեղիում, որտեղ նա ժամերով կատարելագործում էր գնդակին տիրապետելու հմտությունները։
Չնայած գնդակով լավ աշխատելու կարողությանը՝ նրան սկզբում չընդունեցին մանկապատանեկան ակադեմիա՝ նիհար ու փխրուն կազմվածքի պատճառով։
Այնուամենայնիվ, 15 տարեկանում Լուկան հայտնվեց երկրի լավագույն ակադեմիայում՝ Զագրեբի «Դինամոյում»։
Այնուհետև եղան մի քանի վարձակալություններ և վերադարձ հարազատ ակումբ, որտեղ նա սկսեց տիտղոսներ նվաճել։ Մոդրիչը, մասնավորապես, երեք անգամ անընդմեջ դարձավ Խորվաթիայի չեմպիոն։
Հաջորդ կանգառը «Տոտենհեմն» էր։ Անգլիական մամուլը կասկածում էր, թե արդյոք փոքրակազմ խորվաթը կկարողանա իրեն դրսևորել անգլիական կոշտ ֆուտբոլում։ Սկզբում այդ կասկածները կարծես արդարանում էին։
Մանր վնասվածքները մեկը մյուսին էին հաջորդում, և Լուկան ոչ մի կերպ չէր կարողանում խաղային ռիթմ ձեռք բերել։ Հետո նա կոտրեց սրունքի ոսկորը և բաց թողեց մրցաշրջանի կեսը։
Սակայն վերադարձից հետո Մոդրիչը լավ մարզավիճակ հավաքեց և դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
«Տոտենհեմում» մի քանի հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Լուկան տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Բայց այդ տեղափոխությունը հեշտ չտրվեց։
Դժվարին ճանապարհ դեպի Մադրիդ
Տեղափոխության գլխավոր խոչընդոտը «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին էր՝ սպորտային աշխարհի ամենակոշտ բանակցողներից մեկը։
Մեկ տարի առաջ նա արդեն արգելափակել էր Մոդրիչի տեղափոխությունը «Չելսի», իսկ 2012 թվականի ամռանը կրկին չափազանց բարձր գին էր պահանջում և մերժում մադրիդցիների առաջարկները։
«Ռեալի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պնդում էր, որ իրեն հենց խորվաթ ֆուտբոլիստն է անհրաժեշտ՝ «Կա՛մ Լուկան, կա՛մ ոչ ոք»։
Այդ ժամանակ Մոդրիչը դիմեց ծայրահեղ քայլերի։ Նա հրաժարվեց մասնակցել մարզումներին և թիմի հետ չմեկնեց ԱՄՆ՝ մինչմրցաշրջանային հավաքին։
Դրա համար նրան տուգանեցին, իսկ բանակցությունները ձգվեցին գրեթե երեք ամիս։
2012 թվականի օգոստոսի 27-ին՝ տրանսֆերային պատուհանի փակումից ընդամենը մի քանի օր առաջ, կողմերը վերջապես համաձայնության եկան։
«Ռեալը», ներառյալ բոնուսները, վճարեց մոտ 35-42 միլիոն եվրո, իսկ Լուկան ստորագրեց հնգամյա պայմանագիր։

Մադրիդյան դժվարին սկիզբը
Սկզբում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր ընթանում։
Մոդրիչի շնորհանդեսին ընդամենը մի քանի հարյուր երկրպագու էր եկել, իսկ 2012 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղափոխությունից ընդամենը չորս ամիս անց, Marca-ի ընթերցողները հարցման արդյունքում նրան ճանաչեցին «Ռեալի» վատագույն տրանսֆերը։
Մոուրինյոն անմիջապես պաշտպանեց խորվաթին։
«Այն ամենը, ինչ խնդրում եմ ձեզանից, մադրիդիստներ, Լուկային ժամանակ տալն ու համբերատար լինելն է»։
Պորտուգալացի մասնագետը չէր սխալվել։
Շուտով Մոդրիչը դարձավ «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, թիմի հետ երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և Տոնի Կրոսի ու Կազեմիրոյի հետ ձևավորեց կիսապաշտպանության հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին»։
Իսկ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունից հետո Լուկան գլխավերևում բարձրացրեց «Ոսկե գնդակը»՝ վերջ դնելով Ռոնալդուի և Մեսսիի տարիներ շարունակվող գերիշխանությանը։
«Ցավալի է, որ պապս չտեսավ, թե ինչի եմ հասել։ Պատերազմի ժամանակ կորցնում ես քեզ համար կարևոր մարդկանց, և ինձ համար այդ մարդը պապս էր։ Ամեն անգամ, երբ կյանքումս որևէ կարևոր բան է տեղի ունենում, ես հիշում եմ նրան։ Շատ կուզեի, որ նա կողքիս լիներ և տեսներ, թե ինչով եմ զբաղվում ֆուտբոլում և ինչպիսին է իմ անձնական կյանքը», – ասել է Մոդրիչը։
Դեռ շարունակում է բարձր մակարդակով խաղալ
Այսօր Լուկան 41 տարեկան է, բայց շարունակում է լավ մարզավիճակում մնալ և հանդես գալ եվրոպական ֆուտբոլում։
Նա խաղում է «Միլանում», Խորվաթիայի հավաքականին խաղադաշտ է դուրս բերում ավագի թևկապով և մինչ օրս կարևոր դեր ունի թե՛ ակումբում, թե՛ ազգային թիմում։
