Չորրորդ անընդմեջ պարտությունը Եվրոպայի լիգայում․ «Արարատ-Արմենիան» 2։3 հաշվով զիջեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի թիմին
«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը։ Այս անգամ հայկական թիմը պարտվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին, որն իր առաջնությունում զբաղեցնում է ընդամենը 12-րդ տեղը։
Նվեր «Արարատին»՝ առաջին խաղակեսում
«Արարատ-Արմենիան» վատ չսկսեց հանդիպումը։ Թիմը ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի մոտ, թեև իրական գոլային պահեր գրեթե չէր ստեղծում։ Բայց առաջինը գոլ բաց թողեց հենց հայկական թիմը։
Սովորական ցածր փոխանցում եզրից, «Տոռենսեի» հարձակվողին ոչ ոք չհսկեց, և արդյունքում՝ 1։0։
Ամեն ինչ փոխեց կարմիր քարտը։ Այն ստացավ հենց գոլի հեղինակ Ագիրեն։ Դաշտի կենտրոնում նա հետևից կանգնեց Բալանտայի ոտքին։ Թվում էր՝ դիտավորություն չկար, բայց գնդակն էլ այդ դրվագում մոտակայքում չէր։ VAR-ի միջամտությունից և տեսագրությունը դիտելուց հետո մրցավարը ցույց տվեց կարմիր քարտ։
Հեռացումից հետո խաղի վերահսկողությունն ամբողջությամբ անցավ «Արարատ-Արմենիային»։ Թիմն ավելի ու ավելի հաճախ էր մոտենում մրցակցի դարպասին, ստեղծում կիսավտանգավոր պահեր, բայց դրանք գրեթե երբեք իրական գոլային հնարավորությունների չէին վերածվում։
Բացառություն դարձավ Մուրադյանի գոլը, որը շատ նման էր «Արարատի» բաց թողած գնդակին։ Ընդմիջման թիմերը գնացին 1։1 հաշվով։
2։1-ից մինչև 2։3․ Ինչպես «Արարատը» ձեռքից բաց թողեց հաղթած թվացող խաղը
Երկրորդ խաղակեսը «Արարատ-Արմենիան» նույնպես լավ սկսեց։ Թիմը շատ էր գրոհում և շարունակում ճնշում գործադրել մրցակցի վրա։
Տուգանային հարվածի խաղարկումից և դրան հաջորդած բարձր փոխանցումից հետո հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ՝ 2։1։
Ամեն ինչ տանում էր դեպի հաղթանակ։ Ավելին՝ թվում էր, թե «Արարատը» կարող է նաև երրորդ գոլը խփել։ Դրա համար բոլոր նախադրյալները կային։ Բայց հետո «Արարատի» պաշտպանը սեփական ձեռքերով ամեն ինչ փչացրեց։
Մրցակցի՝ գնդակը հեռացնելուց հետո Օլիվեյրան գլխով այն ուղարկեց ուղիղ «Տոռենսեի» ֆուտբոլիստին։ Դարպասապահը ստիպված եղավ տուգանային հրապարակից դուրս խախտել կանոնները և կարմիր քարտ ստացավ։
Այդտեղ էլ ամբողջ դրականը վերջացավ։
Հեռացումից անմիջապես հետո «Արարատը» կարող էր գոլ բաց թողնել, բայց թիմին փրկեց դարպասաձողը։
Այնուհետև սկսվեցին գնդակի կորուստներն ու սխալները։ «Տոռենսեն» մեկը մյուսի հետևից գոլային հնարավորություններ էր ստեղծում։
Կարելի է ասել՝ «Արարատի» բախտը բերեց, որ մինչև 90-րդ րոպեն գոլ բաց չթողեց։
Բայց հետո հայկական թիմն, այնուամենայնիվ, չդիմացավ։ Եվ ոչ թե մեկ, այլ երկու գոլ բաց թողեց ընդամենը երեք րոպեում։
Ահա և քեզ 2։3։
Ինչպե՞ս կարելի է այսպես խաղալ
Մի բան չեմ կարողանում հասկանալ։
Երբ հաշիվը 1:2 էր, իսկ թիմերը խաղում էին հավասար կազմերով՝ տասը տասի դեմ, ինչո՞ւ «Արարատը» որոշեց մեծ ուժերով առաջ գնալ՝ մնացած 15 րոպեն պաշտպանվելով անցկացնելու փոխարեն։
Ամեն ինչ նույն սցենարով էր ընթանում։ Մեծ թվով ֆուտբոլիստներ միանում էին գրոհին, ոչինչ չէր ստացվում, մրցակիցը հակագրոհ էր կազմակերպում, իսկ մեր խաղացողներն արդեն ուժ չունեին ժամանակին հետ վերադառնալու։
Արդյունքում պաշտպանությունում ազատ գոտիներ էին առաջանում, որոնցից օգտվում էր «Տոռենսեն»։
Եվ այս ամենը հանգեցրեց պարտության մի խաղում, որտեղ մինչև 75-րդ րոպեն ամեն ինչ ընթանում էր հայկական թիմի օգտին։
«Արարատ-Արմենիան» 2։3 հաշվով պարտվում է Պորտուգալիայի երկրորդ լիգայի թիմին և չորս տուրից հետո, առանց որևէ հաղթանակի, զբաղեցնում է ընդհանուր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
Ցավոք, Հայաստանի համար եվրագավաթային մրցաշրջանը շատ վատ է դասավորվում։
Անցյալ տարի կարող էինք հպարտանալ «Նոայով», որը կարողացավ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։
Իսկ այս տարի, ցավոք, հպարտանալու ոչինչ չունենք։
