Ծանոթություն Հայկական ֆուտբոլի հետ
ՖԻՖԱ-ի հավաքականների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 107-րդ տեղը, իսկ ՈւԵՖԱ-ի վարկանիշում՝ 33-րդը։ Մեղմ ասած՝ հայկական ֆուտբոլն այսօր առաջատարների շարքում չէ, բայց հայկական ակումբները ոչ միայն հասնում են եվրագավաթներին, այլև նկատելիորեն առաջադիմում են։ Օրինակ՝ նախորդ տարի «Նոան» հասավ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ։ Այնպես որ ժամանակն է ավելի մոտիկից ճանաչել հայկական ֆուտբոլը և հետևել դրա զարգացմանը։ Մինչև վերջերս ես ինքս էլ առանձնապես չէի հետևում դրան, այնպես որ փորձենք ամեն ինչ հասկանալ միասին։
Հայաստանի առաջնությունը
Հայկական անկախ ֆուտբոլի պատմությունը սկսվում է 1992 թվականից։ Հունվարի 18-ին ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, և նույն տարում այն անդամակցեց ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին։ Այդ նույն տարում անցկացվեցին նաև անկախ Հայաստանի առաջին առաջնությունն ու գավաթի խաղարկությունը։ Ակումբները, իհարկե, գոյություն ունեին նաև ավելի վաղ, սակայն հանդես էին գալիս ԽՍՀՄ առաջնությունում։ Առաջին առաջնությունում չեմպիոն դարձան միանգամից երկու թիմեր, որոնք հավաքել էին հավասար միավորներ՝ Երևանի «Հոմենեթմենը»՝ ներկայիս «Փյունիկը», և Գյումրիի «Շիրակը»։ Հայաստանի առաջին գավաթակիրը դարձավ «Բանանցը»՝ ներկայիս «Ուրարտուն»։
Հիմա՝ այսօրվա առաջնության մասին։ Պրեմիեր լիգայում հանդես է գալիս 12 թիմ։ Չեմպիոնը ստանում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղալու իրավունք, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը մասնակցում են Կոնֆերենցիաների լիգայի որակավորմանը։ Վերջին տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է Առաջին լիգա։ Այնտեղ խաղում է 14 թիմ․ մրցաշրջանի հաղթողը բարձրանում է Պրեմիեր լիգա, իսկ վերջին տեղը զբաղեցրած թիմի համար ոչինչ չի փոխվում, որովհետև դրանիցավելի ցածր պարզապես չկա։

ՈւԵՖԱ-ի վարկանիշը
Այս վարկանիշը որոշում է, թե հաջորդ մրցաշրջանում քանի թիմ է երկիրը ներկայացնելու եվրագավաթներում և որ փուլից են նրանք սկսելու պայքարը։
Սկզբունքը հետևյալն է․ մրցաշրջանի ընթացքում գումարվում են հայկական բոլոր ակումբների վաստակած միավորները, ապա այդ թիվը բաժանվում է եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբների թվի վրա։ Որակավորման փուլում հաղթանակը տալիս է 1 միավոր, ոչ-ոքին՝ 0,5։ Հիմնական փուլում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։ Բացի այդ, հիմնական փուլերում գրանցած հաջողությունների համար նախատեսված են նաև բոնուսային միավորներ։
Օրինակ՝ եթե չորս հայկական ակումբները մեկ մրցաշրջանի ընթացքում միասին վաստակեն 12 միավոր, այդ մրցաշրջանի Հայաստանի գործակիցը կլինի 12 ÷ 4 = 3։
Սակայն վարկանիշը հաշվարկվում է ոչ թե մեկ, այլ վերջին հինգ մրցաշրջանների արդյունքների հիման վրա։ Ամեն տարի ամենահին մրցաշրջանը դուրս է գալիս հաշվարկից, իսկ նորն ավելանում է։ Հենց այդ հինգ տարվա ընդհանուր արդյունքն էլ որոշում է Հայաստանի դիրքը ՈւԵՖԱ-ի աղյուսակում։
Երկրի համար հատկապես կարևոր է, երբ գոնե մեկ ակումբ կարողանում է երկար ճանապարհ անցնել եվրագավաթներում։ Պատկերացնենք՝ երեք թիմ արագ դուրս են մնում որակավորումից, իսկ «Արարատ-Արմենիան» հասնում է Եվրոպա լիգայի հիմնական փուլ և շարունակում միավորներ վաստակել։ Այդ արդյունքները շարունակում են ավելացնել Հայաստանի ընդհանուր գործակիցը, մինչդեռ բաժանարարը մնում է այն ակումբների թիվը, որոնք սկսել էին եվրոպական մրցաշրջանը։
Որքան բարձր է Հայաստանը վարկանիշում, այնքան ավելի շահավետ է դառնում եվրագավաթային քվոտան։ Ակումբները կարող են պայքարը սկսել որակավորման ավելի ուշ փուլերից, իսկ բավական բարձր դիրքի դեպքում փոխվում է նաև Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրերի բաշխումը։
Հայաստանի հավաքականը
Հայաստանի հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց 1994 թվականին և 0:2 հաշվով պարտվեց Բելգիային։ Առաջին հաղթանակը գրանցվեց մեկ տարի անց՝ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ 2:1 հաշվով։

Միջազգային ասպարեզում հավաքականի խոշոր հաջողությունները շատ չեն։ Հայաստանը երբեք չի մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Ամենահաջող ընտրական փուլը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարն էր։ Վեց թիմից բաղկացած խմբում Հայաստանը 17 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին՝ 23 միավոր, և Իռլանդիային՝ 21։
Այս պահին Հայաստանի հավաքականը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։ Թիմը 2:0 հաշվով հաղթել է Լիտվային և 2:3 հաշվով պարտվել Չեռնոգորիային։ Առջևում դեռ չորս հանդիպում կա։ Հայաստանը հանդես է գալիս C լիգայում և միանգամայն կարող է հաղթել իր խմբում, ինչը լրացուցիչ հնարավորություն կտա պայքարելու Եվրո-2028-ի ուղեգրի համար։ Սպասենք լավ արդյունքների։
ՖԻՖԱ-ի վերջին պաշտոնական թարմացման՝ 2026 թվականի հուլիսի 20-ի դրությամբ, Հայաստանը զբաղեցնում է 107-րդ տեղը։ Պատմության լավագույն արդյունքը 30-րդ տեղն է՝ 2014 թվականին, վատագույնը՝ 159-րդը՝ 1994 թվականին։
2018 թվականից ՖԻՖԱ-ն օգտագործում է համակարգ, որի համաձայն յուրաքանչյուր խաղից հետո հավաքականը միավորներ է վաստակում կամ կորցնում։ Փոփոխության վրա ազդում են մրցակցի ուժը, հանդիպման կարևորությունը, փաստացի և սպասվող արդյունքները։ Այդ պատճառով ուժեղ մրցակցի նկատմամբ հաղթանակը զգալիորեն ավելի շատ միավոր է տալիս, քան հետնապահի նկատմամբ հաղթանակը, իսկ թույլ մրցակցից կրած պարտությունը կարող է բավական թանկ արժենալ։
Ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրո-2028-ում
1) Դասական ընտրական փուլ։ Ընտրական մրցաշարում կլինի 12 խումբ՝ չորս կամ հինգ թիմով։ Խմբերի հաղթողները Եվրոյի ուղեգիր կստանան անմիջապես, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականներից լավագույն ութը նույնպես անմիջականորեն կանցնեն եզրափակիչ փուլ։
Այսինքն՝ Հայաստանի համար պարտադիր չէ հաղթել իր խմբում․ բավական է լինել երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն հավաքականներից մեկը։ Վիճակահանությունը կկայանա 2026 թվականի դեկտեմբերի 6-ին։ Թեև պետք է ընդունել՝ հնարավորությունները շատ մեծ չեն․ խմբում գրեթե հաստատ կլինի առնվազն մեկ թոփ հավաքական։
2) Ճանապարհ Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի միջոցով։ Եթե Հայաստանը հաղթի C լիգայի իր խմբում, բայց սովորական ընտրական փուլով չկարողանա ուղղակիորեն նվաճել Եվրոյի ուղեգիր, խմբում առաջին տեղը կարող է հնարավորություն տալ մասնակցելու անցումային խաղերին։
Սակայն սա երաշխավորված ուղեգիր չէ։ Փլեյ-օֆֆ դուրս կգան Ազգերի լիգայի խմբերի հաղթողներից ընդհանուր վարկանիշով լավագույն այն հավաքականները, որոնք այլ ճանապարհով չեն կարողացել որակավորվել։
Այսօր ծանոթացանք հայկական ֆուտբոլի հիմունքներին, բայց սա միայն սկիզբն է։ Հաջորդ անգամ կխոսենք Հայաստանի առաջնության առաջատար ակումբների մասին։
