Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումը 2026 թվականին․ Հայաստան՝ 0։0 Լատվիա
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլն ավարտեց երրորդ տեղում։ Լատվիայի դեմ վերջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով՝ 0։0։ Անդրադառնանք այս խաղին։ Սկզբում խոսենք դրական կողմերի, ապա թերությունների մասին, իսկ վերջում ամփոփենք նաև մրցաշարում մեր հավաքականի ելույթը։

Միշիև՝ հիանալի դարպասապահ հավաքականի համար
Այն, որ Հայաստանի հավաքականը գոլ բաց չթողեց, առաջին հերթին Ալեքսանդր Միշիևի շնորհիվ էր։
«Ուրարտուի» 22-ամյա դարպասապահը կատարեց ինը սեյվ, իսկ Sofascore-ը նրա խաղը գնահատեց առավելագույն՝ 10 միավորով։
Լատվիացիները բավականին վտանգավոր պահեր ստեղծեցին, բայց նրանց ճանապարհին ամեն անգամ կանգնում էր Միշիևը։
Ալեքսանդրի համար սա ընդամենը երկրորդ պաշտոնական հանդիպումն էր հավաքականի կազմում, և նման խաղն իսկապես տպավորիչ է։
Հուսով եմ՝ նրան մեծ ապագա է սպասվում Հայաստանի հավաքականում։ Բրավո՛։
Հիանալի տրամադրվածություն
Ընդհանուր առմամբ, թիմը պայքարում էր, և ակնհայտ էր, որ ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել հաղթելու նպատակով։
Նույնիսկ այն ժամանակ, երբ մրցավարը երկրորդ խաղակեսին ընդամենը երկու րոպե ավելացրեց, մեր հավաքականը շարունակում էր առաջ գնալ և փնտրել հաղթական գոլը։
Կարելի է երկար քննարկել, թե ինչն ստացվեց, ինչը՝ ոչ, բայց ֆուտբոլիստների այսպիսի մարտական տրամադրվածությունն արդեն իսկ գովեստի է արժանի։
Չափազանց շատ ազատ գոտիներ
Դարպասապահին գովելու պատճառներ շատ կան, բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։
Պաշտպանությունն ու հենակետային գոտին մրցակցին չափազանց մեծ ազատություն էին տալիս։
Բազմաթիվ դրվագներում մեր ֆուտբոլիստները չէին հասցնում ժամանակին փակել մրցակցին, ինչի հետևանքով լատվիացիները գոլ խփելու բավականին լավ հնարավորություններ էին ստանում։
Հատկապես թույլ գործեց հենակետային գոտին, որն այս հանդիպման ընթացքում չկարողացավ պատշաճ կերպով կատարել իր առաջադրանքները։
Անարդյունավետ հակագրոհներ
Երբ լատվիացիները սկսեցին ճնշում գործադրել, Հայաստանը որոշ ժամանակ խաղում էր հակագրոհներով։
Խնդիրն այն էր, որ առաջ էին նետվում ընդամենը 2-3 խաղացող, և ամեն ինչ ավարտվում էր ապարդյուն։
Առավելագույնը, որ հաջողվում էր քաղել նման դրվագներից, անկյունային հարվածն էր կամ վաստակած տուգանայինը։ Հարձակման գծում խաղացողների փոքր թվաքանակի պատճառով որևէ արժեքավոր պահ ստեղծել չէր հաջողվում։

Ազգերի լիգայի ամփոփումը
Ի սկզբանե մեր խումբն այնքան էլ բարդ չէր թվում, և կարելի էր նույնիսկ պայքարել առաջին տեղի համար։
Բայց արդյունքում ավարտեցինք երրորդ հորիզոնականում՝ ոչ բարձրանալով ավելի բարձր լիգա, ոչ էլ նահանջելով ավելի ցածր։
Լատվիայի դեմ հաղթանակը հնարավորություն կտար պայքարել երկրորդ տեղի համար, մասնակցել անցումային հանդիպումներին և փորձել նվաճել B լիգայի ուղեգիր։ Բայց, ցավոք, չստացվեց։
Սա Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումն էր 2026 թվականին։
Շարունակելու ենք հետևել մեր հավաքականին, աջակցել ֆուտբոլիստներին և նրանց առաջ մղել դեպի նոր հաղթանակներ։
